ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Երբ մայդանցիները սկսեն սառը ուղեղով դատել, կտեսնեն, որ զոհ են գնացել մեծերի խաղին»

«Երբ մայդանցիները սկսեն սառը ուղեղով դատել, կտեսնեն, որ զոհ են գնացել մեծերի խաղին»
17.03.2014 | 11:26

Թուրքագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ զրույցը նվիրված է ՈՒկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։

-Պարոն Պետրոսյան, ըստ ամենայնի, ՈՒկրաինայում տեղի ունեցող գործընթացներն արտաքին աշխարհի ներգործման հետևանք են։ Ձեր տեսակետը. ի՞նչ է իրականում տեղի ունենում ՈՒկրաինայում։
-Այսօր ՈՒկրաինայում ակնհայտորեն տեղի է ունենում աշխարհի գերուժերի վերադասավորություն, իսկ դրա գինը վճարում է ՈՒկրաինայի ժողովուրդը: Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ն իր վրա վերցրեց աշխարհի ոստիկանի դերը և իր հայեցողությամբ աշխարհը բաժանեց «վատ» և «լավ» պետությունների: Այն պետությունները, որոնք լիովին հարում էին ամերիկյան դիրքորոշմանը, կոչվեցին «ժողովրդավար», օրինակ՝ Եգիպտոսը, Բահրեյնը, Թունիսը, իսկ որոնք հակառակվեցին և ընդդիմացան, կոչվեցին «ոչ ժողովրդավար», ինչպես Իրանը, Լիբիան, Իրաքը: Սակայն ԱՄՆ-ի հաշվարկն այնքան էլ անթերի չէր. նախկին «ժողովրդավար» երկրների կառավարությունները «արաբական գարնան» հետևանքով մեկը մյուսի հետևից կործանվեցին, և նրանց փոխարինեցին անհայտ ուժեր: Ինչ վերաբերում է «ոչ ժողովրդավար» պետություններին, բացառությամբ Իրանի, ապա ԱՄՆ-ի ռազմական մեքենան դրանք քարուքանդ արեց: ՈՒկրաինայի պարագայում կարևոր է գիտակցել, որ Ռուսաստանն առանց ՈՒկրաինայի չի կարող հզոր պետություն դառնալ: ՈՒկրաինան Ռուսաստանի կենսական և ռազմավարական շահի կարմիր գիծն է, որը որոշ արևմտյան դիվանագետներ փորձում են հատել: Այլ կերպ ասած, ինչպես անտառում յուրաքանչյուր գազան նշահարում է իր սահմանը, այնպես էլ գերտերությունների պարագայում, խաղաղությունը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ մեկը մյուսի կենսական տարածք ոտնձգություն չի արել: Այսօր ԱՄՆ-ն և Եվրոպան անցան այդ սահմանը, և շատ ուշ գիտակցեցին իրենց սխալը: Ստեղծված իրավիճակում ՈՒկրաինայի մասնատումն անխուսափելի է: Գործնականում Արևմուտքը, հայտարարություններից բացի, ուրիշ շատ բան ի վիճակի չէ անել. կտրուկ գործողությունների դիմել չի կարող՝ իր կենսական շահերից ելնելով: Մնում է խաղը տեղափոխել զգացմունքային և տեղեկատվական դաշտ, ինչից կրկին տուժելու է ՈՒկրաինայի ժողովուրդը: Վերջին 25 տարվա արևմտյան «ժողովրդավարության» զոհ դարձան և մասնատվեցին շատ երկրներ՝ նախկին Հարավսլավիան, Լիբիան, Իրաքը, Աֆղանստանը, ամբողջ Միջին Արևելքը վառվում է:
-Ինչքանո՞վ արդյունավետ կլինեն Արևմուտքի ճնշումները Ռուսաստանի վրա:
-Ներկա դրությամբ ճնշումները թույլ ազդեցություն կարող են ունենալ: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը վաղուց էր նախապատրաստվել նման զարգացումների, կարծում եմ՝ դեռ 2008 թվականից, երբ Վրաստանի դեպքերը տեղի ունեցան: Ռուսաստանի տնտեսությունը հիմնականում կախված է նավթի և նավթամթերքների վաճառքից: Արևմուտքն ի վիճակի չի երկար ժամանակ սահմանափակելու ռուսական նավթի վաճառքը: Նույնիսկ եթե ԱՄՆ-ն իր նավթային պաշարները վաճառքի հանի՝ միջազգային շուկայում նավթի գինն իջեցնելու համար, դա երկար տևել չի կարող:
-Ի տարբերություն շատ երկրների՝ ՈՒկրաինայում Արևմուտքն ակտիվ գտնվեց, ինչո՞վ է դա պայմանավորված։
-Արևմուտքը միշտ էլ ակտիվանում է, երբ հայտնվում է ռուսական և չինական կենսական շահերի սահմաների մոտակայքում: Սա աշխարհը միանձնյա կառավարելու խնդիրն է: Մյուս կողմից, արևմտյան քաղաքագետների պատկերացմամբ ՈՒկրաինան, Վրաստանը իրենց բնույթով հակառուսական են և կարող են հայտնվել արևմտյան ճամբարում շատ արագ ու հանգիստ. մնում է նրանց «մի փոքր օգնել»:
Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: ՈՒկրաինային տված խոստումներն ԱՄՆ-ն ի վիճակի չէ կատարել: ՈՒկրաինան խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, ինչն առայժմ բացատրվում է ռուսական վտանգով, իսկ վաղը, երբ «մայդանցիները» սկսեն սառը ուղեղով դատել, կտեսնեն, որ իրականում իրենք զոհ են գնացել մեծերի խաղին, և ընդամենը խաղաքարտ են, ուրիշ ոչինչ:
-Ղրիմում ՌԴ գործողությունները որքանո՞վ էին անսպասելի Արևմուտքի համար։
-Այնքանով, որ արևմտյան քաղաքական էլիտան շանթահարվեց: Իրենք երազում անգամ չէին կարող պատկերացնել նման մի բան: Բոլորին էլ հայտնի է, որ Պուտինի ջանքերի շնորհիվ Յանուկովիչը համաձայնեց բանակցել ընդդիմության հետ և զիջումների գնալ: Արևմուտքը դա գնահատեց որպես Պուտինի թուլություն և ռուսական քաղաքականության նահանջ, ու ավելի ոգևորված «մայդանցիներին» մղեց դեպի հեղաշրջում: Միայն թե հեղաշրջման սցենարը բոլորովին էլ այնպես չգնաց, ինչպես իրենք նախատեսել էին:
-Ի՞նչ դասեր պետք է քաղի հետխորհրդային տարածքն ՈՒկրաինայից։
-Հետխորհրդային տարածքը Ռուսաստանը դիտարկում է իր կենսական շահերի և ազդեցության տիրույթ: Մենք պետք է հաշվի նստենք այս իրողության հետ. մեր քայլերը՝ ղեկավարություն թե ընդդիմություն, պետք է լինեն հավասարակշռված և հաշվարկված: Ցանկացած զգացմունքայնություն և ազգային մեծամտություն կործանարար է այս տիրույթում գտնվող պետությունների համար՝ անկախ նրանց տարածքի չափերից և աշխարհագրական դիրքից: Բոլոր հետխորհրդային երկրներում կան լուրջ սոցիալական խնդիրներ, որոնք գալիս են բարիքների խիստ անհավասար բաշխումից, կա պետական միջոցների անզուսպ թալան, կա ղեկավար սեղմ շրջանակի հղփացածություն, օրենքի առաջ մարդկանց անհավասարություն: Տեղական ղեկավար շրջանակները հակված են շահարկելու դրսի թշնամու հանգամանքը՝ մեղքը նրա վրա բարդելու և ժողովրդի զայրույթը դեպի դուրս ուղղորդելու համար: Ընդդիմությունը նույն բովանդակությամբ մի երգ է երգում, միայն թե երգի հերոսն է ուրիշ ՝ «այ, կան քաղաքակիրթ, կարգին պետություններ, որոնց ճամբարին միանալով՝ մենք էլ կդառնանք նրանց նման քաղաքակիրթ»: Այդ բոլորը, իհարկե, բլեֆ է: Մեր արատները միայն մեզ համար են ցավալի: Մեր բոլոր մոտիկ և հեռու «դրացիները» միմիայն ուրախ են և պատրաստ լուրջ միջոցներ ներդնել այդ արատները խորացնելու համար, քանի որ այդպիսով թուլացնում են մեր հավաքականությունը և իրենց տալիս մեր ներքին կյանքին ու այդ պատրվակով նաև արտաքին քաղաքականությանը միջամտելու իրավունք:
-Համեմատություններ են տարվում Ղրիմի և ԼՂՀ-ի միջև։ Ղրիմի անկախացումը որևէ կերպ կանդրադառնա՞ ԼՂՀ հիմնախնդրի վրա։
-Իրավիճակը ԼՂՀ-ում ու Ղրիմում, իհարկե, ունի ընդհանրություններ: Երկու տարածքները Խորհրդային Միության ղեկավարի քմահաճույքով իրենց պատմական մայր տարածքից պոկվել և նվիրվել են հարևան երկրին: Երկու դեպքում էլ այն պետությունները որոնց բռնակցվել են փոքր միավորները, հետևողականորեն կեղծել են պատմական իրողությունը և փորձել խմբագրել պատմական ճշմարտությունը, փոքրամասնության նկատմամբ ցուցաբերել, մեղմ ասած, անբարյացակամ վերաբերմունք: Երկու տարածքներում տեղական կառավարման մարմինները ժողովրդավար կերպով՝ հանրաքվեի միջոցով փորձում են պատմական սխալը ուղղել: Սակայն մենք ապրում ենք երկակի ստանդարտների աշխարհում: Այն, ինչ տեղի կունենա Ղրիմի պարագայում, պարտադիր չէ, որ տեղի ունենա ԼՂՀ-ում: Ինչպես եղավ Կոսովոյի պարագայում:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ